Վրաստանի իշխանությունները հունիսի 1-ից կբացեն ցամաքային սահմանները, որոշումն ընդունվել է COVID-19-ի դեմ պայքարի համակարգող շտաբի նիստի արդյունքներով:

Վրաստանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում ընդունեց ցամաքային սահմանները բացելու մասին, ինչը գործի կդրվի հունիսի 1-ից»,- հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն մայիսի 25-ին կայացած ճեպազույցում:

Վրաստանի սահմանը հատել կարելի կլինի փաստաթղթով, որը կհավաստիացնի COVID-19-ի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը կամ էլ բացասական պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում: «Այդ դեպքում, այն անձինք, ովքեր Վրաստան կժամանեն պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստով, պարտավոր կլինեն հետագա 72 ժամվա ընացքում կատարել կրկնական պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ»,- նշել է Գիբրաձեն:

Նա նաեւ բոլոր օտարերկրացի այցելուներին խորհուրդ է տվել իրենց հետ ունենալ բժշկական ապահովագրություն, որը անհրաժեշտության դեպքում կծածկի կորոնավիրուսային վարակի բուժման ծախսերը, հաղորդել է Sputnik -ը: