Ազգային ժողովում այսօր անակնկալների օր էր, պարզվեց որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Տաթևիկ Բարսեղյանը իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանի կինն է։  Ավետիսյանը որոշեց լավություն անել հանրությանը և չմասնակցել կնոջ թեկնածության քվեարկությանը, քանի որ ակնհայտ է շահերի բախումը: Հետաքրքիր է, թե ինչ է փոխելու Ավետիսյանի չմասնակցելը, արդյո՞ք իր քաղաքական թիմը դեմ է քվեարկելու իրենց կոլլեգայի և թիմակցի կնոջ թեկնածությանը, իհարկե, ոչ, հետևաբար շահերի բախումը որևէ կերպ այս իրավիճակում չի վերանում:

Այս իշխանությունները խոստանում էին, որ իրենց կառավարման օրոք նմանատիպ երևույթներ՝ ԽԾԲ, հովանավորչություն, շահերի բախում չի լինելու: Սակայն նման դեպքերը բազմաթիվ են: Շահերի բախում չէր արդյո՞ք առողջապահության նախարարության և նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող ընկերության միջև կնքված պայմանագիրը:

ԽԾԲ-ն այս տարիների ընթացքում նույնպես ծաղկել է: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրը՝ Սաթենիկ Միքայելյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետի օգնականի պաշտոնում: Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունեցող Լիլիթ Միրզախանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։ Համաձայն մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինիս հովանավորյալը հանդիսացել է  ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ Լուսինե Քոչարյանը եղել է ԱՆ բժշկական քաղաքականության վարչության պետ, ապա աշխատակազմի ղեկավար, հետո էլ մրցույթով նշանակվել է որպես Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել  է ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ մտերիմ կապեր ունեցող Արթուր Մարտիրոսյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ նշանակվել է ԿԳՄՍ նախարարի մյուս տեղակալի պաշտոնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը ներկայումս հանդիսանում է Անուշավան Մակարյանը, ով իսկապես կապ ունի պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջիններս եթե ոչ ընկերներ, ապա առնվազն ծանոթներ են։ Վարչապետի օգնական նշանակված Աննա Վարդապետյանին այդ պաշտոնի հարցում օգնել է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ իր խորհրդական Սուրեն Քրմոյանի խնդրանքով։

ԵՎ սա Նոր Հայաստանում շահերի բախման և ԽԾԲ-ի ընդամենը մի քանի, սակայն, շատ խոսուն օրինակներն են...