5 տարի առաջ Հայաստանում սկսեց գործել «Յանդեքս» տաքսին, որը սպասարկման աննախադեպ ցածր գներ էր առաջարկում՝ գրավելով հաճախորդներին։ Սակայն, գրեթե մի քանի ամիս է, ինչ ընկերությունը, չարաշահելով հաճախորդների վստահությունը, փոխել է որդեգրած սկզբունքը և կտրուկ փոխել սակագինը, դա էլ քիչ է՝ ավելացրել նաև հավելավճարը։ Եթե նախկինում նվազագույն ուղեվարձը 300 դրամ էր և չկար հավելավճար, ապա այժմ գինը շեշտակիորեն բարձրացել է՝ հասնելով 600, 700, 900-ի, սրան էլ գումարած՝ 400, 600 դրամ հավելավճարները։ Հետևաբար, եթե նախկինում ձեռնտու էր այս տաքսու ծառայությունից օգտվելը, ապա հիմա նախընտրելի են սովորական, անհատ տաքսիստների ծառայությունները, որոնք համեմատաբար շատ ավելի մատչելի են։ 

«Յանդեքս»-ը սկսել է ստաբիլ պահել բարձր սակագինը, ինչն առաջացրել է հաճախորդների դժգոհությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ը ֆիքսել է, թե օրվա տարբեր ժամերին ինչ փոփոխությունների է ենթարկվում սակագինը և արձանագրել, որ նվազագույն ուղեվարձը 500-600 դրամից պակաս չի լինում, իսկ նախկին 300 դրամը չգերազանցող նվազագույն ուղեվարձը մնացել է անցյալում։ 

Այսպիսով, ակնհայտ է, որ ցածր ուղեվարձն այլևս միֆ է։ Կարելի է ենթադրել, որ ընկերությունն ունեցել է հատուկ ռազմավարություն՝ X ժամանակահատվածում գրավել մեծ թվով հաճախորդների, որից հետո բռնել այն շահեկան դիրքը, որը միայն իրենց է ձեռնտու։