Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշեց «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն ներառել «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես, էլեկտրոնային սարքերի արտադրության համար:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ' շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Գործարար ծրագիրը գնահատվել է 82.4 միջին միավոր: