Տեղ համայնքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական կողմի տեսադաշտում: Այս պահին այնտեղ լուրջ սարքավորումներ են տեղադրված, նրանք դիտարկման հետ կապված որևիցե խնդիր չունեն, մեր տարածքի ամենախորքերն էլ գտնվում են իրենց տեսադաշտում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

Վերջինս նշեց, որ այս պահին ինժեներական աշխատանքները չեն շարունակվում, երևի 70-80 տոկոսի չափով աշխատանքներն արդեն արել են. «Աշխատանքները, հավանաբար, չեն շարունակվում, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ-երը կարծես աշխատանքների մեծ մասն արդեն արել են: Չգիտեմ իրենց պլանով ինչքան է նախատեսված եղել անել, բայց, իմ կարծիքով, որքան պետք է իրենց, այդքան էլ աշխատել են: Կարծում եմ՝ երկկողմանի պայմանավորվածություն կա, որ ինժեներական աշխատանքները դադարեցվեն, բայց ինչ պետք է եղել՝ իրենք արդեն վերջացրել են՝ էլ ի՞նչ անեն։ Իրենց մոտ լուրջ ինժեներական աշխատանքներ էին»,- նշեց համայնքապետը։

Տեղ համայնքի ղեկավարը ընդգծեց, որ հետընտրական շրջանում ադրբեջանական կողմի հետ չեն եղել լուրջ խնդիրներ. «Մանր-մունր բաներ լինում են, դրանք տեղում հարթում ենք»,- ասաց Շադունցը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երի հետ խնդիրներ ունենալու դեպքում օգնության են հասնում հայ սահմանապահներն ու ռուս խաղաղապահները. «Սահմանագծին մոտ տարածքներում, որտեղ խոտհունձ է կատարվում, տեղակայված են հայ սահմանապահ զորքերը։ Համագործակցում են նաև ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, ովքեր միջադեպերի դեպքերում արագ արձագանքում են»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ գյուղի տղաներն էլ զբաղվում են այն խնդրով, որ լուրջ միջադեպերի դեպքում արագ արձագանքման խումբը միանգամից հասնի. «Մեր հողերը այս պահին՝ ցորենի, գարու դաշտերը մնացել են սահմանից այն կողմ։ Դրանց հետ կապված որևիցե աշխատանքներ չեն տարվում, հույս էլ չկա, որ այդ դաշտերում այս պահի դրությամբ կարող է բերքահավաք արվի»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը մայիսի 12-ից տեղակայված են Սյունիքում ու հենց առաջին օրերից էլ սկսել է ինժեներական ամրաշինական աշխատանքներ իրականացնել: