«Ադրբեջանցիները գյուղի բնակիչներին նեղել են, դիրքերից դուրս են եկել զենքերով, գյուղացիներն էլ հեռացել են»,- Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական զինծառայողների՝ հրազենով սպառնալիքներին, երբ թույլ չեն տվել գյուղացիներին հավաքել հնձած խոտը:

Նա նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 26-ին, երբ բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքում պատրաստվում էին հավաքել հնձած խոտը՝ ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա, սակայն ադրբեջանցիները կրկին ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, գյուղացիները ահազանգել են գյուղապետին, որը կամավորական ջոկատի տղաների, համայնքի ղեկավարի, առաջին բանակային կորպուսի հրամանատարի հետ եղել են դեպքի վայրում. «Մենք կանգնեցինք այնքան ժամանակ, մինչև որ գյուղացիները իրենց աշխատանքները ավարտեցին: Ադրբեջանցիները շատ են գոռգոռում, շունն էլ ա շատ հաչում՝ հետո՞։ Ադրբեջանցիները տեղի բնակիչների վրա էլ են գոռգոռացել են, փորձել վախեցնել, զենքով են եղել, բայց չեն կրակել: Մեր հովիվների վրա էլ են գոռգոռում, իբր վախեցնում են»,- նշեց գյուղապետը:

Վերջինս ասաց, որ ադրբեջանցիները ագրեսիվ են անգամ բանակցությունների ժամանակ. «Իրենք շատ ագրեսիվ են, վերին աստիճանի ագրեսիվ շան որդիներ են, չի լինում իրենց հետ մարդկային ձևով, հանգիստ խոսել։ Թուրքը իրենից ոչինչ չներկայացնող, շատ վախկոտ ազգ ա»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Մեր այն հարցին, թե այդ միջադեպերից հետո արդյոք գյուղացիները շարունակելու են իրենց գյուղատնտեսական աշխատանքները, Հովսեփյանը պատասխանեց. «Մենք շարունակելու ենք աշխատել, թուրքը ոչինչ ա, իրենից վախենալ պետք չի»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Արավուսը առանց այն էլ սահմանային լուրջ խնդիրների առջև է կանգնած. «Մեր գյուղը շատ փոքր ա, 64 հեկտար հողը GPS-ով եկել վերցրել են։ Չգիտեմ՝ վերջը ի՞նչ է լինելու։ Ցորեն ու գարի ենք ցանել, պիտի հնձենք, մեր խոտերը փչացան, հեսա ցորենն էլ կփչանա։ Ասում են՝ ինչ-որ հանձնաժողով պիտի գա, մինչև հիմա չեն եկել»,- անհանգստացած նշեց Արգամ Հովսեփյանը: