«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին և այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գասպարյանը հունիսի 18-ին հրավիրվել էր դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու։

ԼՈՒՐԵՐ․com-ին Դատախազությունից հայտնեցին, որ դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց․ «Հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության գաղտնիությունը՝ այլ անձանց պատկանող գույքերի նկատմամբ իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ տվյալներ չեն կարող տրամադրվել»,- ասացին դատախազությունից։