Բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:

Հայտնի է դարձել, որ կայքից կհեռացվի օգտակար հանածոների եւ ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը եւս համարվում է ռիսկային եւ զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի:

Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղեւորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց եւ ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը:

Ուշագրավն այն է, որ սա արվում է թափանցիկ աշխատելու մասին գրեթե յուրաքանչյուր օր հայտարարություն անող իշխանության ներկայացուցիչների կողմից մի դեպքում, երբ հեղափոխությունից հետո հանրությանը խոստանում էին ներկայացնել թե ովքեր են թալանում Հայաստանի հանքերը, այսօր պարզվում է պոտենցիալ թալանչիները կարող են հանգիստ լինել. նրանց մասին ինֆորմացիան պետական շահին հակասող է և գաղտնի կպահվի: Գաղտնի կպահվի նաև գործուղումների մեկնող մի շարք պաշտոնյաների ավիատոմսերի արժեքների մասին ինֆորմացիան, ինչը հատկապես ուշագրավ է այն տեղեկության ֆոնին, որ նախորդ տարի ավիատոմսերի վրա հեղափոխական պաշտոնյաները 700 միլիոն դրամով ավել գումար են ծախսել: Կոռուպցիա՞, չէ, չենք լսել...