ԱԱԾ աշխատակիցները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրավաբանի և էներգետիկայի բաժնի աշխատակիցների աշխատասենյակներն են խուզարկել, աշխատակիցներից մեկին էլ առանց հիմքի ձերբակալել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ խուզարկության արդյունքում կոմբինատում ոչինչ չեն հայտնաբերել. «Քիչ առաջ մեզ համար անհասկանալի հիմքով ձերբակալել են կոմբինատի աշխատակիցներից մեկին։ Սա քաղաքական հետապնդում է, քանի որ հավանաբար իշխանությունները չեն մարսել, որ միակ քաղաքը որտեղ պարտվել են Քաջարանն է եղել։ Ձերբակալել են Արմեն Անդրեասյանին, իսկ Մանվել Փարմազյանին էլ բերման ենթարկել»,- ասաց նա։

Հակոբյանն անդրադառնալով երեկ՝ հուլիսի 8-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ՀՔԾ բերման ենթարկելուն՝ նշեց, որ իշխանությունները նախ թիրախավորել են Քարահունջ համայնքի կին ղեկավարին․ «Նրանք ընտրել են այդ կնոջը, ստիպել, որ ցուցմունք տա, մի քանիսին են գտել, որոնցից փորձել են ցուցմունք կորզել։ Երեք օր այդ կնոջը պահել են մեկուսարանում, ասել են՝ կամ պիտի ցուցմունք տաս Առուշանյանի դեմ, կամ պիտի դատվես, նա էլ ցուցմունք է տվել։ Նույն սցենարով շարժվում են, հիմա էլ թիրախավորել են Փարամազյանին։ ՔՊ-ական ինչ-որ մեկը Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել, և դեռ հարց է, թե որքանո՞վ է այդ ցուցմունքն իրական»,- նշեց Վահե Հակոբյանը։

Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, այնուհետև նրան տեղափոխել են Երևան։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում՝ դեռևս հայտնի չէ։