Ադրբեջանի հետ ղարաբաղյան խնդրի մասին կապն անընդհատ իրականացվում է եռակողմ համաձայնագրերի իրագործման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ են արդյոք բանակցություններ ադրբեջանական կողմի հետ այն բանից հետո, երբ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակական բնույթ են կրում: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանագրերի դրույթների իրականացումը շատ կարևոր է և անվիճելի: Եվ այդ իրագործման շրջանակներում շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ», - ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը հստակեցրել է, որ հուլիսի 7-ի երեկոյան կայացած ռուս-հայկական բանակցությունների ընթացքում ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»: «Քննարկվել են, իհարկե, եռակողմ համաձայնագրերի իրականացման տարբեր նրբություններ և առևտրատնտեսական համագործակցություն», - ասել է Պեսկովը: