Հուլիսի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչը՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը, և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր, գրում է shamshyan.com-ը։

 
 

Նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ Ա. Նիկողոյսանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։