Մի քանի օր է ինչ Արցախում կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին  ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրուցում ասաց ԱՀ ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ և դրա նախորդ օրը ադրբեջանական քաղաքներից մեկից կրակահերթ էր իրականացվում, մենք Ստեփանակերտից օդում տեսնում էինք լուսաթիռների կարմիր գիծը։ Արդեն երեկ Շուշիին մոտ թաղամասերից մեկից ահազանգեցին, որ կրակոցների ձայներ են գալիս, այսինքն՝ ոչ թե քաղաքի վրա էին կրակում, այլ ձայները շատ մոտ տեղից էին լսվել»,- նշեց  նա։ 

Ինչ վերաբերում է քիչ առաջ համացանցվում տարածված տեղեկություններին, թե Շուշիի հատվածից գնդացրի կրակահերթերի ձայներ են լսվում, ապա Թադևոսյանն ասաց, որ այդ մասին տեղեկություններ չունի, քանի որ Երևանում է գտնվում։ 

Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել էր, որ Շուշիի ուղղությունից կրակահերթի ձայներ են լսվում։ Մեկնաբանություններում բազմաթիվ արցախցիներ հաստատում էին նրա ասածը։ 

Սոնա Հարությունյան