Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա հուլիսի 18-ին Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալված Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց՝ սպասում են դատարանի որոշմանը և հույս ունեն, որ կալանավորման որոշում չի կայացվի:

«Ձերբակալությունն ապօրինի է, հետևաբար դրա դեմ բողոք ենք ներկայացրել դատարան: Իմ պաշտպանյալն ընդունել է, որ ինքն է եղել կրակողը, ինչը ստիպված է եղել անել ինքնապաշտպանությունից ելնելով։ Այնուհետև ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, պատրաստակամություն է հայտնել ներկայացնել զենքը և դեպքի հանգամանքների մասին տեղեկություններ»,- ասաց նա։

Փաստաբանը հրաժարվեց միջադեպի հանգամանքների մասին որևէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ նախաքննություն է իրականացվում, ինչպես նաև չի ուզում դրանով վնասել հակառակ կողմի շահերին և այդ նախաքննությունը:

Անդրադառնալով Քննչական կոմիտեի գործողություններին՝ փաստաբանը դրանք ապօրինի որակեց. «Փորձում են ցույց տալ, թե առավել քան օբյեկտիվ են, բայց դրանով փաստացի վնասում են արդարադատության շահը»,- նշեց Միքայելյանը։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է Ռոբերտ Սուքիասյանի դեմ իրականացվող գործողություններում, քանի որ նա գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, ապա փաստաբանն ասաց, որ չի կարող նման եզրակացություններ անել։

Նա նշեց՝ եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը, և Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվի, ապա իրենք իրավական գործընթացով կբողոքարկեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Կրակոցներն արձակել էր գործարար, ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։