Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից։

«Օգոստոսի 28-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:

Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաեւը որպես մեղադրյալ է ներգրավել եւ նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։