Թո՛ղ մեզ կամ մեր տները վերադարձնեն, կամ էլ պատասխան տան. եթե մեզ պատասխան չտվեցին, Կառավարության դիմաց վրաններ ենք տեղադրելու ու մնանք էստեղ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց քաշաթաղցիներից մեկը:

«Սեպտեմբերի 27-ին կլրանա մեկ տարին, բայց մենք դեռ ռեալ պատասխան չենք լսել Կառավարությունից: Ամեն ամիս գալիս ենք, ասում են՝ մյուս ամիս, էն մյուս ամիս»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը՝ հավելելով, որ իրենց տեղեկացրել են՝ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է:

Նրանք պահանջում են հանդիպում Կառավարության անդամներից մեկի հետ, ով կլսի իրենց խնդիրը և կկարողանա նրանց օգնել. «Պետք չէ մեկը գա, ով մեզ կճանապարհի, այլ ուզում ենք ռեալ պատասխան լսել»,- ասաց նա: