ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով:

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսեր նախագծի վրա՝ փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ օգնություն Արցախին օգնելու համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Ես նաև կցանկանայի տեսնել Արցախի՝ որպես պետություն, որպես երկիր ճանաչումը, տեսնել պաշտոնական հարաբերություններ Արցախի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նաև առաջընթաց խաղաղության գործընթացում»,- ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ասել է Փալոնը:

Կոնգրեսական Դեյվիդ Վալդաոն իր ուղերձում ընդգծել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը սեփական ճակատագիրն ու ազատությունը որոշելու համար մղվող պայքարում ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: «Ես 2017 թվականին այցելել եմ Արցախ և անձամբ տեսել եմ Արցախի ժողովրդի նվիրվածությունը ինքնորոշմանն ու խաղաղությանը, այն հիմնարար արժեքները, որ կիսում են Միացյալ Նահանգներն ու Արցախը: Ես Ներկայացուցիչների պալատի դահլիճում գլխավորել եմ ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն ապահովելու, Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերություններն ամրացնելու, ականազերծման միջոցով կյանքեր փրկելու ջանքերը: Ես աջակցում եմ Արցախի և Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում և կշարունակեմ աշխատել Կոնգրեսի իմ գործընկերների հետ հայ գերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից Արցախին և Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վալդաոն:

Արցախի անկախությունը շնորհավորել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, վերջին պատերազմն Արցախի ժողովրդին անպատկերացնելի փորձությունների ենթարկեց: Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս: Եկեք այս կարևոր օրը նվիրենք մեզ Արցախի ժողովրդի առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու գործին»,- ասել է Շիֆը:

Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն նշել է, որ 30 տարի առաջ ժողովրդավարության պայմաններում Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության համար: «Ցավոք, այդ խաղաղ քվեարկությունը հանդիպել է տարիներ տևող բռնության՝ ներառյալ 2020 թվականի պատերազմը, որի հետևանքով ավերվել են տներ և գյուղեր, կորսվել են բազմաթիվ կյանքեր: Բայց ես եղել եմ Արցախում և գիտեմ, թե որքան ուժեղ մարդիկ են այնտեղ ապրում: Ես լի եմ վճռականությամբ ապահովելու անհրաժեշտ աջակցությունը Արցախի վերականգնմանն ու բարգավաճմանը նպաստելու համար»,- ասված է Ջուդի Չուի ուղերձում:

Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձներ են հղել նաև կոնգրեսականներ Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Ջիմ Մաքգովերնը, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել աշխատանքը Կոնգրեսում՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին հզոր աջակցություն ապահովելու, Արցախի անկախության ճանաչմանը հասնելու ուղղությամբ: