Հայաստանում կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր պաշտոնը ստանձնելու պահին. համաձայն իրենց հայտարարագրերի, եկամուտ են ստացել ձեռնարկատիրական գործունեությունից:

Դիցուք՝ նրանցից մեկը Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն է: Վերջինս ներկայացրել էր պաշտոնը ստանձնելու պահին առկա եկամուտների և գույքի մասին հայտարարագիրը, որտեղ նշված էր նաև 7,970,000.00 դրամի եկամուտ՝ ձեռնարկատիրական գործունեությունից:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ալահվերդյան Գոհարի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ վերջինս ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ է ստացել՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՆՅՈՒ ՀՈՄ ՍՊԸ-ից, ՏՈՒՆ ՇԻՆ ՍՊԸ-ից,Ավագ Դպրոց Ակադեմիական ՍՊԸ-ից, Տարոն Սախոյան Ա/Ձ-ից, Արտաշես Գալստյան Ա/Ձ-ից:

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր ԱՁ «Դավիթ Սարգսյան»-ից ստացված շուրջ 2 միլիոն դրամի եկամուտ:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կարեն Կարապետյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր «ՄԼԼ Ինդասթրիալ» ՍՊ ընկերությունից և «ԷՅ ԷՆ ԴԻ ՋԻ Սթայլ» ՍՊ ընկերությունից ստացված ձեռնարկատիրական եկամուտները:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ 2018-ին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել էր 17,600,000.00 ՀՀ դրամի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ:

Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը 2018 թվականի իր հայտարարագրում նշել էր ձեռնարկատիրական գործունեությունից ստացված 3,500,000.00 ՀՀ դրամի եկամուտը:

Սա անշուշտ չի նշանակում, որ տվյալ պաշտոնյաները բիզնես գործունեություն են ծավալում մինչ օրս, սակայն ուշագրավ է, որ ժամանակին վերջիններս բավական հաջողակ բիզնեսմեններ են եղել, ինչը իր հերթին ենթադրում է կառավարչական լուրջ ձիրք, մի բան, ինչը պաշտոններ զբաղեցնելուց հետո այդպես էլ նրանց մոտ չարտահայտվեց...