Մամուլում տարածված տեղեկություններով քիչ առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ճշտելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Թևոնյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Զանգահարեցինք Արարատի մարզպետարան, մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցը նշեց, որ Ռազմիկ Թևոնյանն այս պահին խորհրդակցություն է անցկացնում։

Ինչ վերաբերում է հրաժարականի դիմում ներկայացնելուն, ապա պատասխանեցին․ «Առայժմ աշխատում է»,- նշեց մարզպետարանի աշխատակիցը։

Ճշտող հարցին՝ հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է, աշխատակիցը հրաժարվեց պատասխանել․ «Չեմ կարող ասել»։

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Թևոնյանի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գծով օգնական Քրիստինե Պողոսյանը հաստատեց տեղեկությունը․ «Այո, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ես չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված նրա որոշումը։ Եթե անհրաժեշտություն լինի պարոն Թևոնյանն անձամբ հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ Թևոնյանը հրաժարական է տվել, քանի որ համաձայն չէ իշխանությունների՝ Տիգրանաշենը (Քյարքին) ադրբեջանցիներին հանձնելու մտադրության հետ։