Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր' սեպտեմբերի 25-ին, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն ավարտվեց։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։

Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: