Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում քննադատություններ է հնչեցրել Իրանի հասցեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։

«Այս հեռուստատեսային հարցազրույցում Իլհամ Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին և ասել է.

«Այս զորավարժությունը զարմանք է առաջացրել մեր մոտ, քանի որ նման երևույթներ վերջին երեսուն տարիների ընթացքում չեն եղել: Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, սակայն այդ զորավարժությունները ունենում են կոնկրետ ժամանակացույց: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ. նման բան նախկինում չէր եղել: Սա նաեւ մեր հասարակության հարցն է: Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»:

Ալիևը պնդում է, որ իրանական բեռնատարները մշտապես Հայաստանից անօրինական կերպով մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ նաև պատերազմից առաջ, նախքան անցած տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունը Հայաստանից Ադրբեջանին անցնելը»,-գրել է Փույա Հոսսեինին։