Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»: Նա հնչեցրել է իր «առատաձեռն» առաջարկը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 8 -րդ նիստում:

Ըստ Ալի Ասադովի՝ Վրաստանում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրն Ադրբեջանն է: «Էներգետիկայի և տրանսպորտի համատեղ նախագծերը հաջողված տարածաշրջանային համագործակցության օրինակ են և ծառայում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Այս նախագծերը խթան հանդիսացան Հարավային Կովկասի վերափոխման համար, փոխեցին տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Այս նախագծերը թույլ տվեցին Ադրբեջանին և Վրաստանին ապահովել իրենց բարեկեցությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը և բարձրացնել մեր երկրների կարևորությունը միջազգային գործընկերների համար: Անցյալ տարվա վերջին օրերը նշանավորվեցին պատմականորեն նշանակալից իրադարձությամբ: Շահագործման հանձնվեց Տրանսադրիատիկ գազամուղը՝ Հարավային գազային միջանցքի վերջին հատվածը: Ադրբեջանական գազը սկսեց մատակարարվել Եվրոպային: Այս նախագիծը կարևոր է ընդհանուր զարգացման, կայունության, համագործակցության համար ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև ավելի լայն Եվրասիական տարածաշրջանում: Մեր համագործակցությունը տրանսպորտային և տարանցիկ ոլորտում հաջողությամբ շարունակվում է: Նույնիսկ համաճարակի պայմաններում մենք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ ապահովելու տրանսպորտային և տարանցիկ միջանցքների անխափան աշխատանքը»,- ասել է Ասադովը:

«Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան շարունակում են միասին աշխատել միջանցքը ամբողջ հզորությամբ գործարկելու համար: Այս առումով, մենք հույս ունենք, որ համապատասխան աշխատանքները կարագացվեն Վրաստանի կողմից'Թուրքիայի հետ սահմանին երկաթուղային հատվածի շինարարական և փուլային շահագործման ավարտի համար: Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին: Տրանսպորտային և կապի նոր ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի բեռնափոխադրումների աճին և զգալի տնտեսական օգուտներ կբերի տարածաշրջանային մասշտաբով: Ես նկատի ունեմ կոնկրետ Զանգեզուրի միջանցքը», - ասել է Ադրբեջանի վարչապետը: