Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Այս ողջ պատմության մեջ ուշագրավ բազմաթիվ հարցեր են ի հայտ գալիս, որոնցից գլխավորը թերևս այն է, որ դեռևս հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, որ ՊՆ նախարարը չի կարող որևէ հայտարարություն կամ քայլ անել, առանց վարչապետի հետ համաձայնեցնելու: Հաշվի առնելով, թե ինչպես է Փաշինյանը վերահսկում իր շրջապատի քայլերը՝ հատկապես գումարային հարցերում, դժվար է անգամ պատկերացնել, որ Տոնոյանին ու Գասպարյանին կհաջողվեր 2 միլիարդ դրամի գործարք իրագործել՝ Փաշինյանի մեջքի հետևում: Իսկ եթե դա քիչ հավանական է, ապա օբյեկտիվ քննություն անցկացնելու համար՝ վարչապետը նույնպես պետք է ներգրավվի տվյալ քրեական գործում, հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ Փաշինյանը հերթական անգամ փորձում է ջրից չոր դուրս գալ:

Մեկ այլ ուշագրավ հանգամանքն էլ այն է, որ գործի շրջանակներում շոշափվում են նաև Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և մի շարք այլ նախկին ու ներկա բարձրաստիճան գեներալների անուններ: Տպավորություն է ստեղծվում, որ թեև մեղադրանքը ներկայացվել է Տոնոյանին, սակայն, թիրախում հենց այդ գենարալներն են, իսկ Դավիթ Տոնոյանին որպես գործի ֆիգուրանտ ներգրավելը նպատակ է հետապնդում հանրությանը ցույց տալ իշխանությունների անաչառության մակարդակը, այն, որ նույնիսկ յուրայիններին է հասնում՝ օրենքի հայտնի մուրճը:

Մյուս կարևոր հանգամանքն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը բավական երկար ժամանակ է ինչ ներքաղաքական շոուներ չէր կազմակերպել, և հանրությունը ինչպես ասում են՝ մնացել էր և առանց հաց և առանց տեսարան: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ հավանական հանդիպման ֆոնին Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր նման աղմկահարույց շեղող մանյովր: