Օրերս Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։ Հեղինակավոր կազմակերպությունն իր հաղորդագրությունում նշել է, որ դա տեղի է ունեցել կառավարական պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների՝ խորհրդարանի կողմից ընդունվելուց երկու ամիս անց, և Հայաստանի իշխանություններին կոչ է արել «անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը»։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, խոսելով  Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության դիրքորոշման մասին, նշեց․ «Իմ կարծիքով՝ առհասարակ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածն անիրագործելի  է և այդ հոդվածի իրագործումը կարող է հանգեցնել թե՛ մարդու իրավունքների անհամաչափ սահմանափակումներին, խախտումներին և թե՛ անհարմար խնդիրների և իրավիճակների մեջ դնել իրավապահ մարմիններին»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործն իր նկատի ունեցած դեպքերի ցանկում կարելի՞ է ներառել, Իոաննիսյանը դժվարացավ ասել՝ ընդգծելով, թե հենց այդ դեպքին քիչ է ծանոթ։

Իոաննիսյանը չհամաձայնեց այն մտքին, որ սա բացառիկ դեպքերից է, երբ Freedom House  կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանին․ «Այն պահից, երբ մենք այդ կազմակերպության հետ միասին սկսել ենք աշխատել, այն ավելի հաճախ է սկսել արձագանքել Հայաստանի դեպքերին»,- նշեց Իոաննիսյանը։ 

Կարելի է ենթադրել, որ արևմուտքը Փաշինյանին մեսիջ է հղում Freedom House-ի միջոցով՝ կոչ անելով սահմանները չանցնել։