Օրեր շարունակ ԼՈՒՐԵՐ.com-ը քաղաքացիների կողմից ահազանգեր է ստանում այն մասին, որ ԵՄ երկրներում Հայաստանում պատվաստված քաղաքացիները չեն դադարում խնդիրներ ունենալուց: Այս անգամ այդ խնդիրը QR կոդի հետ է կապված, բանն այն է, որ այն չի ճանաչվում Եվրոպական մի շարք երկրներում, եթե անգամ Հայաստանի քաղաքացին պատվաստված է Աստրա Զենեկա պատվաստանյութով, որի սփռումն աշխարհում ամենամեծն է: 

ԼՈՒՐԵՐ.com-ի Առողջապահության նախարարությանն ուղղված այն հարցին, թե արդյոք Հայաստանն ունի նման խնդիր և անդամակցված չէ ԵՄ ինչ-որ կազմակերպության, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին գտնվելու այդ տարածքներում՝ անկախ Աստրա Զենեկայով պատվաստված լինելուց, տրվել է ոչ այնքան սպառիչ և հասկանալի պատասխան.

«QR կոդն անձի պատվաստման մասին տեղեկությունն է, որը գրանցված է բացառապես «Արմեդ» համակարգում: Եթե մարդը Հայաստանում է պատվաստվել, ապա նրա տվյալները միայն «Արմեդ» համակարգում են։ QR կոդը կեղծել հնարավոր չէ։ Այն հնարավոր է սքանավորել և վավերացնել մարդու պատվաստված լինելու հանգամանքը։ QR կոդն ունի հատուկ կոդավորած բանալի, որն աշխարհում ունի միայն տվյալ կազմակերպությունը, այս դեպքում՝ «Արմեդը», իսկ բացող բանալիները շատ են»։

Մեր հաջորդ հարցին, թե արդյոք ՀՀ-ում պատվաստված քաղաքացիները որևէ կերպ կարող են խնդիր ունենալ Եվրոպայում, և թե ճիշտ է, որ ՀՀ-ում պատվաստվելու դեպքում էլ Եվրոպայում ՀՀ քաղաքացին պետք է իզոլացվի, իսկ ԵՄ երկրների քաղաքացիները չեն իզոլացվում, քանի որ անդամակցված են վերոնշյալ համակարգին, պատասխանն այսպիսինն է. «ԵՄ բոլոր երկրներն ունեն իրենց կոդավորված բանալիները, որոնք պահում են հատուկ սերվերում: Տվյալ սերվերում բոլոր երկրները դնում են իրենց բացող, կոդավորված բանալիները։ Օրինակներ կան, երբ ԵՄ որոշ երկրներ, օրինակ՝ Ավստրիայում, սքան է արվել Հայաստանի QR կոդը, որը տարել է «Արմեդի» համակարգ և թույլ է տրվել մուտք գործել սահման»։

Հարցման պատասխանի մեջ կար նաև օրինակ՝ բերված Ֆրանսիայից, որը պատվաստումների վերաբերյալ ավելի կոշտ դիրքորոշում ունի. «Այնտեղ պահանջում են, որ Հայաստանում պատվաստանյութի QR կոդը գեներացված լինի եվրոպական ստանդարտով։ Բայց այդ խնդիրը շուտով կկարգավորվի, բանակցությունների մակարդակում հարցը լուծվել է, ընթանում են տեխնիկական աշխատանքներ, գրեթե վերջին փուլն է, և հոկտեմբերից կսկսեն ստանալ նաև ԵՄ երկրների համար պահանջվող պատվաստանյութի QR կոդը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ, ելնելով աշխարհում և տարբեր երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակից, տարբեր երկրների կողմից կարող են փոփոխվել երկիր մուտք գործելու պահանջները»։

Ի դեպ, երբ քաղաքացիները սկսեցին այս մասին բարձրաձայնել ֆեյսբուքում և այլ հարթակներում, միայն այդ ժամանակ Առողջապահության նախարարությունը հարկ համարեց մեկնաբանել տարածվող տեղեկությունը և հայտարարեց.

«Տեխնիկական աշխատանքների վերջին փուլն է: Հոկտեմբերից քաղաքացիները կստանան նաև COVID պատվաստանյութի եվրոպական QR կոդը»:

Զվարթ Պետրոսյան