Երդմնակալության արարողություն երևույթին Հայաստանում այսօր բոլորը հետևեցին, ոմանք՝ Ազատության հրապարակում, ոմանք էլ՝ ՄՀՀ-ում, իհարկե, գործընթացը նույնն էր երկու դեպքում էլ: Սակայն պաշտոնապես վերընտրված նախագահի՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ ներքաղաքական առումով այսօր այդ ժամերին բազմաթիվ հարցերի ու հարցականների պատասխաններ տրվեցին:

Նախ՝ սկսելով հյուրերի ցուցակից՝ իհարկե, ոչ բոլորն էին այսօր հայտնվել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ոմանք Հայաստանում չէին, ոմանք զբաղված էին, բայց, այդուհանդերձ, ԱԺ բոլոր պատգամավորները, ըստ էության, պարտավոր էին ներկա գտնվել նախագահի երդմնակալությանը, սակայն այս պարագայում նույնպես իրենց դերը խաղացին անցյալի սպիերն ու մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

Ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական մրցակից ԲՀԿ-ի պատգամավորներից, իհարկե, ՄՀՀ-ում ԱԺ հատուկ նիստին իրենց պարտականությունների կատարման հետևից վազողներ կային, սակայն ԲՀԿ նախագահը՝ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայողը, այս անգամ ևս բացակա էր, պատճառը՝ երկրում չի. այս մասին հասարակությունը տեղեկացավ Իվետա Տոնոյանից: Սակայն դա ի սկզբանե կանխատեսելի էր և բացատրվում էր Ռոբերտ Քոչարյանի՝ արարողությանը ներկա գտնվելու հանգամանքով:

Այն, որ ԲՀԿ-ում այսօր հայտնվել են մարդիկ, ովքեր երկար ժամանակ հանդիսացել են Ռոբերտ Քոչարյանի դաշնակիցներն ու թիմակիցները, փաստ է, անգամ այդ մարդիկ այսօր գլխավորում են ԲՀԿ ավագանու ընտրությունների ցուցակը, հետևաբար, որպես ուղղակի, ինչու չէ, նաև անուղղակի կապ, միանշանակ կարելի է արձանագրել ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Արդյունքում այսօր ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի ինագուրացիային ներկայացված էր ամենաբարձր մակարդակով, իհարկե, ոչ լիարժեք կազմով, սակայն հիմնական նախկին տոտալիտար մեխանիզմի հիմնադիրներից մեկի ներկայությունն այսօր լիովին բավարար էր ավագանու ընտրություններին միջադեպերից, հետևաբար, նաև վիրավորանքներից ու մրցակցության ոչ ավանդական ձևերից խուսափելու համար:
Ռոբերտ Քոչարյանի այդ քայլին ի պատասխան՝ չսպասել պատասխան քայլի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից, իհարկե, կլիներ անհեռատեսություն. Սերժ Սարգսյանը, երդմանակալության արարողությանը բոլորի ներկայությամբ ներքաղաքական կյանքում առկա խնդիրներին և հարցերին վերջ դնելու ավանդույթին հավատարիմ մնալով, ելույթի ընթացքում արտաբերեց նախադասություններ, որոնք անսպասելի կլինեին անգամ ղարաբաղցիներից մյուսի՝ Ռոբերտ Քոչարյանի համար.

Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ և կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածվության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու:

Ամենայն հավանականությամբ, սա դեմ կարելի է համարել 2 ղարաբաղցիների՝ տասնամյակների կամ վաղեմի գործընկերությանն, ու, ինչու չէ, նաև ընկերությանը, սակայն նժարին դրված գաղափարը՝ «ամեն ինչ կամ ոչինչ»-ը այսօր ընդունելի դարձավ Սերժ Սարգսյանի համար, ինչը ընդունելի չէր Ռոբերտ Քոչարյանի համար:

Սերժ Սարգսյանի այս մի քանի տողերի տակ, ինչպես և այսօր նրա արտաբերած յուրաքանչյուր տողի տակ, կար ավելին՝ կար պատասխան, կար սպառնալիք, կար տարակուսանք ու կար հորդոր, հորդոր, որն ուղղված էր ուղիղ 5 տարի առաջվա իշխանություններին, այն իշխանություններին, որոնք չէին ապահովել այն ամենը, ինչ այսօր ապահովել է այսօրվա իշխանությունը:

Հորդորն ուղղակի էր՝ մեր իշխանության օրոք Հայաստանն ավելի լավն է դարձել և առաջացած համեմատության դեպքում պլյուսները մեր օգտին են, հետևաբար, իշխանությունն էլ մերը պետք է լինի, ավելի լավ Հայաստան, ավելի լավ Երևան:

Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ ասաց. «Ես միայնակ չեմ անելու, դա անելու ենք միասին. իհարկե, առաջին հայացքից այս տողերի և Երևանի ավագանու ընտրությունների միջև կապ գտնելը կարող է բարդ լինել, սակայն Ռոբերտ Քոչարյանի ներկայության պայմաններում սա ամենաուղղակի ակնարկն էր մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում նախապատրաստվող պայքարի համար:

Այն, ինչ ընդունելի չէր Ռոբերտ Քոչարյանի համար, այսօր ՄՀՀ-ում, պարզվեց, ընդունելի է Սերժ Սարգսյանի համար...

Գևորգ Ավետիսյան