Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 28-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստերը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանին, մահացու հրազենային վիրավորում, իսկ նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանին հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Ավետիսյանն է։ Ի դեպ, պարզվել է, որ վերջինս մասնակցություն է ունեցել դեռևս 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության, երբ կրկին հրազենի օգտագործմամբ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը, իսկ նրա հետ եղած երիտասարդը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված Լևոն Ավետիսյանը համաներմամբ ազատ էր արձակվել։

Նշված սպանությունը բացահայտվել էր և դեպքի մասնակիցները կատարողի հետ հայտնաբերվել էին, այդ թվում՝ Լևոն Ավետիսյանը, ով այս պահին որոնվում է Դիանա Դարբինյանի սպանության գործով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն էր։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։

Պարզվել էր, որ մինչ կրակոցները, Լևոն Ավետիսյանի և Վազգեն Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի, ապա մի քանի ժամ անց «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի էր ունեցել սպանությունը։