Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Ի՞նչ է սա, եթե ոչ թափանցիկ ակնարկ իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ եթե քրեական գործը չկարճվի, Տոնոյանն էլ չհայտնվի ազատության մեջ՝ վերջինս աչք կփակի պետական գաղտնիքի վրա և կսկսի խոսել: Ենթադրվում է, որ Տոնոյանի տիրապետած տեղեկատվությունը իր մեջ սպառնալիք է պարունակում Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի համար, հակառակ դեպքում' փաստաբանական թիմը նման հնարքի չէր դիմի: Ինչո՞ւ է Դավիթ Տոնոյանը հիմա ակնարկում այս մասին: Ի վերջո, եթե նա տիրապետում է տեղեկատվության, նա կարող է ոչ թե հանրայնացնել այն, այլ փոխանցել իրավապահներին' շրջանցելով, այսպես ասած, հանրային օղակը: Սակայն, Տոնոյանը դա չի անում և սպառնում է Փաշինյանին հենց հանրային հնչեղությամբ և ռեզոնանսով' հասկանալով, որ դա Փաշինյանի համար շատ ավելի ցավոտ կլինի և գուցե նաև՝ անվերահսկելի: Մինչդեռ ավելորդ է նշել, որ եթե Տոնոյանը տիրապետում էր նման ինֆորմացիայի, նա վաղուց պետք է խոսեր և լույս սփռեր հանրությանը հուզող մի շարք կարևորագույն հարցերի վրա: Հայաստանում արդեն մեկ տարի է, ինչ չկա պետական գաղտնիք, կա միայն ցանկություն' հասկանալու, թե ինչպես եռապատկվեց Եռաբլուրը և կորսվեց հայրենիքի 75 տոկոսը: Եթե Տոնոյանը ունի այս հարցերի պատասխանը և լռել է, ապա հենց այս պահին նման հայտարարություն տարածելը ոչ այլ ինչ է, քան պարզ շանտաժ և առևտուր»: