ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի եւ Իտալիայի' հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը խորհրդարանական այդ կարեւոր հարթակում:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տիկին Գրանդեին տրամադրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի հայկական կողմի ղեկավար, փորձագետ Մարի Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն Իտալիայի խորհրդարանում են գտնվում «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում' ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից: