Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ բողոքելով կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության այն որոշման դեմ, որի համաձայն արգելք է դրվում ձկնորսության դեմ: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը նշեց, որ խնդիրը գլոբալ է և հաճախ ձկնորսությամբ զբաղվողները չեն ուզում գործել իրավակարգավորումների սահմանում ու չափելի դարձնել իրենց որսը․ «Իրենք ուզում են որսն իրականացնել ապօրինի և չափելի չլինի, թե որքան որսացին, ինչը բնականաբար անընդունելի է նախարարության համար։ Մենք կփորձենք լսել բոլոր կողմերին և լուծում տալ։ Հասկանում ենք, որ խնդիրը բազմակողմանի է և շոշափում է քաղաքական, տնտեսական, սոցիալական շահեր։ Ամեն դեպքում կոչ ենք անում գործել օրենքի սահմանում, քանի որ մեզ համար կարևոր է Սևանա լճի էկո համակարգի պահպանումը, հետևաբար պետք չէ տուրք տալ միայն անձնական շահերին»,- նշեց նա։

Արդյոք Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է հանդիպել բողոքող ձկնորսների հետ, թե՞ ոչ՝ մեր հարցին ի պատասխան Անի Հակոբյանն ասաց․ «Եթե կարիք լինի նաև նախարարը կհանդիպի ու կլսի նրանց, սակայն այս պահին նման տեղեկություն չկա»։ Նա պարզաբանեց, որ արդեն 2 տարի Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունն իրականացվում է թույլատրելի սահմանաչափերով, ինչի հարցում նախարարության խորհրդատուն Գիտությունների ազգային ակադեմիան է, որի տված խորհրդատվության հիման վրա սահմանվում է որսի թույլատրելի չափաքանակները։

Ձկնորսներն էլ իրենց հերթին դժգոհում են գործող կարգից, ըստ որի մինչև հոկտեմբեր թույլատրվել է արդյունագործական ձկնորսություն՝ որոշակի չափի սահմանափակումով, իսկ դրանից հետո արգելվել է որսը: «Այդ որոշման արդյունքում 10 հազարից ավելի աշխատող մնալու է անգործ, քանի որ իրենց տարածաշրջանում բնակչության մեծ մասն ընտանիք է պահում ձկնորսության միջոցով։ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից-սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական անում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել ևս 100 տոննա ձուկ որսալ, այսինքն յուրաքանչյուր մոտորանավակին 10 կգ լրացուցիչ ձուկ: Այսինքն մարդը պետք է բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանակավը վարի, ընդամենը օրական 5 ձկան համար: Իրենց առաջարկվեց, որ ձկան գնից կախված վճար մտցնեն, այսինքն եթե ձուկը կլինի 100 դրամ, յուրաքանչյուր մոտորանավակ կմուծի 10 հազար դրամ, եթե ձուկը կարժենա 150 դրամ, կմուծի 15 հազար դրամ, իսկ տոննաժը բաժանեք ծախողներին, ոչ թե բռնողներին: Միևնույն է, այս 6 ամսում Սևանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Մինչդեռ կարելի էր և այդ 10 հազար տոննայի բնավճարը վերցնել, և 10-15 հազար դրամները՝ կախված ձկան արժեքից»,- պարզաբանում են ձկնորսները:

Իրավիճակը ավելի լարվեց հատկապես այն բանից հետո, երբ բողոքի ակցիա իրականացնող ձկնորսների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա փորձեց հանդարտեցնել հավաքվածներին՝ ասելով, թե ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն: «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք: Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,- ասաց նա։ Վերջիններիս միջև զրույցը չստացվեց, ձկնորսները սկսեցին քաշքշել մարզպետին և հայհոյանքներ հնչեցնել։

«Կանչեք շրջակա միջավայրի նախարարին, թող գա մեզ պատասխան տա»,- պահանջում են ձկնորսները:

Սոնա Հարությունյան