ՊԵԿ-ը հրապարակել է 2021թ. 9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի՝ ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր մուտքը կազմում է 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է' 38 մլրդ 249 մլն 247 հազար դրամով, երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ն է' 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամով, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝ 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամով: Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ ընդհանուր մուտքերով: Հազար խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը «ՄՏՍ Հայաստան»-ը, «Թեղուտ»-ը, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը, «ՖԼԵՇ»-ը:

Ինչպես տեսնում ենք՝ կրկին առաջին տասնյակից բացակայում են Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները, վերջինս գնալով զիջում է դիրքերը հարկատուների ցուցակում, և դժվար է ասել՝ ինչով է դա պայմանավորված: Ալեքսանյանի ընկերությունները հանգրվանել են 13 և 18-րդ և 40-րդ տեղերում: «Ալեքս տեքստիլ»-ն ընդհանրապես հայտնվել է 256-րդ տեղում:

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի «Սլավ Գրուպ»-ը հայտնվել է 50-րդ տեղում, իսկ Դերժավան՝ 67-րդ:

Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել երկու հայտնի լաբորատորիաները՝ «Պրոմ-Տեստ»-ն ու «էկոսենս»-ը: Երբ Փաշինյանը հայտարարում էր, որ համավարակից էլ կարելի է օգուտներ քաղել, թերևս նկատի ուներ հենց սա: Ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ ՊՇՌ թեստավորման պահանջը դառնա շաբաթը մեկ անգամ՝ տվյալ լաբորատորիաների շահույթները կտրուկ կավելանան:

Մյուս կարևոր հանգամանքը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, պետական կառույցների առատությունն է այս ցանկում: ՊՆ աշխատակազմ, ԱԱԾ, ԱԻՆ, վարչապետի աշխատակազմ, ՃՈ. այսինքն' կառույցներ, որոնք գործում են հենց հարկատուների հաշվին: Սա, ինչ խոսք, ավելի քան զավեշտալի է: