ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել ու առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։ Բացի դրանից՝ օգտակար կլինեն ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին հետևելը, միանալը #Դիմայակումենք արշավին, մասնակցելն առցանց միջոցառումներին, տարբեր օֆլայն կամ օնլայն նախաձեռնություններով հանդես գալը:

Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին: Միջոցառումներն իրականացնելու համար նյութեր կարելի է ներբեռնել Media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնից: Առաջարկվում է նաև անցկացնել մեդիագրագիտության դաս՝ օգտվելով ձեռնարկներից, սովորել ստուգել փաստերը և աղբյուրները, հրավիրել ծնողական ժողով և քննարկել երեխաների մեդիա սպառումը, դիտել հոլովակներ, ֆիլմեր, տեսադասեր ու քննարկել դրանք, խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային խաղեր, հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց:

Անցկացված միջոցառումների մասին հղումները, լուսանկարներն ու նյութերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել 010 58 36 20: