Գյումրիի ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»․ ընդդիմադիր ուժը ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը, հաղթահարել է ևս 3 կուսակցություն։ Մինչ օրս սակայն պարզ չէ, թե ով կդառնա Գյումրիի քաղաքապետ, իշխանությունները գնում են վա-բանկ` փորձելով ոչ միայն կոալիցիոն կառավարում ապահովել, այլ նաև խլել Բալասանյանի ձեռքից վերջինիս հաղթանակը, ասել է թե՝ ցանկանում են ձեռք գցել նաև քաղաքապետի աթոռին:

Հոկտեմբերի 11-ին տված իր ասուլիսի ընթացքում Շիրակի մարզի դատախազը հայտարարել էր, որ «Սև բերդ» ամրոցի հարակից հողամասերի օտարման գործընթացի իրավաչափությունն է ստուգվում: Սև բերդ ամրոցը, ըստ մամուլի հրապարակումների, հանդիսանում է Բալասանյանի սեփականությունը: Ստացվում է, նոր են որոշել այստեղ ուսումնասիրություններ անցկացնել, իսկ դա արդեն իսկ քաղաքական պրեսինգի տպավորություն է թողնում: Իշխանությունները ակնհայտ կերպով փորձելու են քաղաքական բարտեր իրականացնել, այն է՝ դաշինքին որևէ այլ լծակ առաջարկելու միջոցով, ստանալ քաղաքապետի պաշտոնը և այդպիսով պարտությունը վերածել հաղթանակի:

Գնդակը այս պահին գտնվում է Բալասանյան դաշինքի դաշտում, կա՛մ նրանք և անձամբ Սամվել Բալասանյանը կկոտրվի և կհանձնի այդքան բաղձալի աթոռը ՔՊ-ին, կա՛մ կոալիցիա կկազմի ընդդիմադիր ուժերից մեկի հետ՝ դուրս թողնելով ՔՊ-ին խաղից: