Նոյեմբերի 14-ին Կապանում, Ստեփանավանում ու Իջևանում ավագանու ընտրություններ են։ Մրցակցությունը հատկապես թեժ է Սյունիքի մարզի Կապան համայնքում։ Պայքարում են գործող համայնքապետն ու իշխող ուժի թեկնածուն։

«Քաղաքացիական պայմանագրի» ավագանու ցուցակը գլխավորում է պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Իսկ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որ Սյունիքի մյուս խոշոր համայնքապետերի հետ պատերազմից հետո միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին, «Շանթ» դաշինքով է առաջադրվել։

Սակայն, ամբողջ այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Կապանում ՔՊ թեկնածուն իր ծրագրի մեխն է համարում արևային կայանների կառուցումը, տուրիզմի զարգացումը և խելացի կանգառների կառուցումը: Այսինքն' Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանցիներին հանձնած իշխանության թեկնածուն գտնում է, որ կապանցիների համար այս պահին ամենակարևոր և այժմեական լուծում պահանջող հարցերը դրանք են: Ոչ թե անվտանգային խնդիրների լուծումը, այլ' խելացի կանգառը: Այն կապանցիների համար, որոնց կյանքը դարձել է դժոխք և որոնք ապրում են թուրքի նշանառության տակ, անշուշտ օր առաջ լուծում պահանջող հարցը հենց արևային կայանների կառուցումն է, և ոչինչ, որ վաղը մյուս օրն իրենց տները այդ նույն կայանների հետ միասին բանավոր հուշագրով կարող են հանձնվել թշնամուն: Սա, իհարկե, չի նշանակում, որ թեկնածուի ծրագրում անվտանգության մասին ոչինչ գրված չէ, գրված է իհարկե, սակայն ակնհայտ է, որ առաջնային տեղ այդ հարցերի լուծմանը չի տրվում: Կամ գուցե խնդիրը, ըստ ՔՊ-ի, այդքան էլ օրհասական չէ, կապանցին է էլի, կապրի խաղաղ թուրքի հետ մինչև արևային կայաններն ու խելացի կանգառները կկառուցվեն, դրանից հետո հաստատ ապագա կլինի:

Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ իշխանության ներկայացուցիչները տարրական պատկերացում չունեն մարզերի և մարզերի բնակչությանը հուզող օրակարգային խնդիրների մասին: