Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աննկարագրելի համեստ է դարձել, վերջին օրերին նա, մասնավորապես, հայտարարել է, որ եթե հայտնի, թե որքան է բարձրացրել իր գրասենյակի աշխատանքի արդյունավետությունը՝ ինքնագովազդ կլինի:

Վերջին ամիսներին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ պատերազմի ավարտից հետո, հանձնակատարի մասին մամուլը գրում է միայն վոյաժից վոյաժ, երբ վերջինս այցելում է սփյուռքի հայկական համայնքեր, ընդ որում՝ որպես կանոն այդ այցերը կրում են անարդյունավետ բնույթ, քանի որ Սփյուռքը այդպես էլ Սինանյանին չընդունեց և առանձնակի ցանկություն էլ չունի վերջինիս հետ գլոբալ համագործակցության հարցեր քննարկել:

Այդ վոյաժների արդյունքների մասին մենք գիտենք միայն այն, որ ոչինչ չգիտենք: Մինչդեռ գրասենյակի ղեկավարի կողմից պարբերաբար իր կատարած աշխատանքի համար հաշվետու լինելը ոչ թե գովազդ է, այլ պարտականություն, ընդ որում՝ օրենքով սահմանված: Հանրությունը անչափ կցանկանար, որպեսզի Սինանյանը մի կողմ դնի ավելորդ համեստությունը և ավետի իր կատարած տիտանական աշխատանքի մանրամասների մասին, հատկապես այն, ինչ վերաբերվում է ձեռքբերումներին, որովհետև դրանք, մեղմ ասած, ակնառու չեն լայն զանգվածների համար: Հակառակ դեպքում' Սինանյանի այս հայտարարությունը կարող է վարակիչ դառնալ նաև մյուս պաշտոնյաների համար, ովքեր սեփական աշխատանքի համար հաշվետու լինելու փոխարեն կոչ կանեն չստիպել իրենց զբաղվել ինքնագովազդով և այդպիսով նրանց կհաջողվի թաքցնել այն հանգամանքը, որ զբաղեցրած պաշտոնում որպես այդպիսին ոչ մի ձեռքբերում էլ չունեն: Փոխարենը՝ համեստ են: