Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ ացնկացրեցին  «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի կրթաթոշակների տրամադրման արարողությունը:

Ծրագիրը նոր չէ, այն 4-րդ տարին է արդեն, ինչ իրագործվում է և ամեն տարի բազմաթիվ ուսանողներ կարողանում են ձեռք բերել մասնագիտություն, որը աշխատանքային շուկայում մեծ պահանջարկ ունի։

Նոյեմբերի 9-ին 19 ուսանող ստացավ կրթաթոշակի սերտիֆիկատ, այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս կրթությունը շարունակել ԱՄՆ-ի Սան Խոսեի համալսարանում։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ տվյալագետների պակաս այսօր զգացվում է ամբողջ աշխարհում՝ տարբեր մասնագիտություններում և տարբեր ոլորտներում։ 

«Մենք այսօր  փորձում ենք խրախուսել հատկապես այն մագիստրոսական ծրագրերը, որոնց պահանջարկը շուկան ունի։ Կարծում եմ՝ այն մասնագետները, որոնք ավարտում են այս ծրագիրը անմիջապես իրենց տեղն են գտնում շուկայում։ Եթե բիզնեսը չգա դեպի կրթություն, ապա դժվար է ակնկալել լավ կրթություն․ սա այն համագործակցությունն է, որը մենք պետք է կիրառենք տարբեր ոլորտների նկատմամբ»,- ասաց ռեկտորը։

Շուկայի պահանջներին համահունչ և միջազգային  արդիական չափորոշիչներին համապատասխան մշակված այս ծրագիրը  պատրաստում է  տվյալագետներ, ովքեր կտիրապետեն տվյալների վերլուծության  հիման վրա որոշումների կայացմանը, մեքենայական ուսուցման մեթոդներին, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված լուծումների համակարգին։ Տվյալագետներ, ովքեր կարող են ձևակերպել խնդիրներ, մշակել այդ խնդիրների լուծման ալգորիթմները  և գտնել այդ ալգորիթմների իրականացման ծրագրային  լուծումներ։

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանն իր խոսքում ասաց, որ երբ իրենք սկսում էին այս ծրագիրը, այն միակն էր, իսկ այսօր համալսարանն ունի իր երկրորդ ծրագիրը, ինչն իսկապես հաղթանակ է։

 «Արդյունավետության հիմնական ցուցանիշն այն է, որ մագիստրոսական ծրագրով ընդունված ցանկացած ուսանող անգամ առաջին տարում ամբողջությամբ ունի աշխատատեղ։ PMI Science-ը, լինելով այս ծրագրի մասը, ինքներս էլ մրցակցության մեջ ենք մտնում, որ այդ ուսանողներին ուղղենք դեպի մեր կենտրոն»։ 

Ծրագրով նախատեսված դասավանդումներն իրականացվում են ընկերություններում աշխատող լավագույն մասնագետների կողմից, որոնք տեսական գիտելիքներին զուգահեռ փոխանցում են գործնական գիտելիքներ։ Բացի այդ դասընթացների մի մասն անցկացվում է գործընկեր կազմակերպություններում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ և ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը մեծ հաղթանակ է համարում միջազգային համագործակցությունը, քանի որ ծրագիրը կարողացել է համագործակցություն սկսել  ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի և NVIDIA  խորը ուսուցման ինստիտուտի հետ։

«Մենք կարողացել ենք հասնել այն մակարդակին, որ ուսանողների ստացած  կրեդիտները տեղափոխվում են Սան Խոսեի պետական համալսարան և այն թույլ է տալիս մեր առաջին կուրսի ուսանողներին երկրորդ կուրսում կրթությունը շարունակել Սան խոսեի համալսարանում։ Մենք այս տարի ունենալու ենք երեք ուսանող, ովքեր շարունակելու են իրենց ուսումն այնտեղ։ Մեր նպատակն է, որ հասնենք կրկնակի դիպլոմի, այսինքն Սան Խոսեի պետական համալսարանը և Երևանի պետական համալսարանը կրկնակի դիպլոմ տան մեր ուսանողներին։ Մեր դասախոսներից մի քանիսը հանդիսանում են NVIDIA կրթական ծրագերի դեսպան Հայաստանում և տարածաշրջանում։ Սա մեր կարևոր հաջողություններն են, որոնց մենք հասել ենք և սա է այն կարևոր արդյունքը, որը ունենք ISTC-ի և PMI Science-ի համատեղ համագործակցության արդյունքում։