Նոյեմբերի 12-ի առավոտյան ներկայացել եմ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն ազատազրկումը կրելու համար, սակայն ներս չեն ընդունել ու առաջարկել են ներկայանալ ոստիկանություն, որ ձերբակալեն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Ինձ որևէ բացատրություն չեն ներկայացրել, առաջարկել են՝ ներկայանամ ոստիկանություն՝ ձերբակալեն, ես պատասխանել եմ, քանի որ ինքնակամ եմ ներկայացել, ձերբակալելու խնդիր չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին գտնվում է Գորիսի դատարանի մոտ, սպասում է՝ իր գործով դատավորն այս առթիվ ինչ որոշում կկայացնի։

Մեր այն դիտարկմանը, թե 30 մլն գրավի դիմաց ազատ էին արձակել, ինչո՞ւ հիմա դատարանը կալանավորման որոշում կայացրեց, փոխքաղաքապետը պատասխանեց. «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Վերաքննիչ դատարանի դատավորը կամակատար է, հանձնարարական էր ստացել, որն էլ կատարեց»,- ասաց Մենուա Հովսեփյանը՝ հավելելով, որ դատավորը երեկ շատ վատ վերաբերմունք է դրսևորել, ոտնահարել է բոլոր օրենքները։