Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հնարավորություն տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում: Այնուամենայնիվ, չնայած ձեռնարկված քայլերին, շփման գծում դեռ լարվածություն կա»,- ասել է Զասը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։

Նախորդ երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Բաքուն և Երևանը դադարեցրել են ռազմական գործողությունները սահմանային գոտում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներից հետո։