«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությանն «առընթեր» կայքերից մեկը տեղեկություն էր հրապարակել, թե նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան՝ Սեդրակ Օսիպյանը, կասկածվում է 33-ամյա կնոջ BMW-ն խարդախությամբ հափշտակելու եւ այլ անձի վաճառելու մեջ։ Տուժողը դիմել է ոստիկանություն, Նուբարաշենի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ռասկուլաչիտ» արված BMW-ն՝ Ռուբինյանց փողոցի ավտոպահեստամասերի խանութի մոտից:

Մենք կապվեցինք Օսիպյանի հետ՝ հասկանալու, թե եղբորորդու հետ կապված դեպքից տեղյա՞կ է։ Օսիպյանն ասաց, թե ինքը մամուլից է տեղեկացել դեպքի մասին, եղբորորդու հետ էլ վաղուց շփում չունի։

«Երկար ժամանակ է՝ ես շփում չունեմ հետը ընդհանրապես, տեղյակ չեմ: Մամուլից եմ տեղեկացել՝ ինչ է տեղի ունեցել կամ արդյոք տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Մեղավոր է՝ թող պատասխան տա, ես պարտավոր չեմ իմ որեւէ ազգականի արարքների համար պատասխան տալ։ Բոլորն էլ ունեն հարազատներ, ես ունեմ իմ կյանքը, իմ ընտանիքը, որի համար ես պատասխանատու եմ, իսկ օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Եթե մեղավոր է, թող պատասխանատվություն կրի»,- ասաց նախկին ոստիկանապետը»: