Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ համամասնական ընտրություններ են։ Քաղաքապետի պաշտոնի համար այստեղ պայքարում է չորս քաղաքական ուժ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը։ 

ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու է առաջադրել Պավել Ցուգունյանին, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն է, նաև համարվում է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը» Աբովյանում։ Ցուգունյանը հանդիսանում է Պետրոսյանի կնոջ քեռորդին։ Փաստացի ՇՄ նախարարն իր հավատարիմ կադրերից մեկին «գործուղում» է Աբովյան՝ մարզում իր ամբողջական ազդեցությունը վերջնականապես ամրապնդելու նպատակով: Սա Պետրոսյանի` Աբովյանը իրենով անելու երկրորդ փորձն է, առաջինը հիշեցնենք հեղափոխությունից անմիջապես հետո էր և ավարտվեց ֆիասկոյով։ 

ՀՅԴ ցուցակը գլխավորում է Արման Մեղրյանը, որ ԱԺ պատգամավորի օգնական է, 2017-ի խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՅԴ համամասնական ցուցակի 39-րդ համարը։ Քաղաքական ակտիվությամբ մինչ այս աչքի չի ընկել։ 

 
 

«Հանրապետության» ընտրական ցուցակում առաջինը անհատ ձեռնարկատեր Էմիլ Հարությունյանն է։ 

ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանը, վերջինս էլ համարվում է այս ընտրապայքարի ընդգծված ֆավորիտը։ Բաբայանի գլխավոր առավելությունը մրցակիցների հանդեպ կայանում է նրանում, որ նա այս տարածքում եղել է ռեյտինգային պատգամավոր և բավականին մեծ թվով ձայներ է հավաքել՝ 2018 թվականի ընտրություններին նա եղել է ԲՀԿ-ից ամենշատ քվե ստացած թեկնածուն՝ 7472 քվե: Բաբայանը Աբովյան քաղաքի բնակիչ է և շատ լավ գիտի քաղաքը, հարակից գյուղերը, ծանոթ է տեղի խնդիրներին։ Աբովյանցիներն էլ մեծ ոգևորությամբ են ընդունել՝ էդուարդ Բաբայանի առաջադրվելու լուրը, ինչն էլ հուշում է, որ վերջինիս համայնքապետ ընտրվելու շանսերը բավական բարձր են: Հատկապես, որ աբովյանցիների մեծամասնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ հակված չէ համայնքի ճակատագիրը թողնել այնպիսի մարդկանց հայեցողությանը, որոնց արած աշխատանքը չեն տեսել և ում հանդեպ վստահություն չեն տածում։