Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից բխող գործողություններ:

«Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-ասաց նախարարը:

Լրագրողների ճշգրտող հարցին, թե արդյոք ջրի նմուշառում կատարվում է, նախարարը նշեց, որ այդ գործողությունն արվում է պարբերաբար ու ամբողջ հանրապետության տարածքով և ջրի առումով որևէ շեղում այս պահին գրանցված չէ:

Սննդային թունավորումների դեպքեր են գրանցվել «Տաթև» կրթահամալիրում, «Էլկա» մանկական կենտրոնում, «Տաշիր պիցցա»-ի մի քանի կետում, «Հայր և որդի Երեմյաններ»-ին պատկանող «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հանրային սննդի օբյեկտներում: