Ձևավորված են Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային կենտրոնները, հայտնի են նաև հանձնաժողովների կազմերը:

Շիրակի մարզում այդ օրը կգործի ընդհանուր հաշվով 117 ընտրատեղամաս. Արթիկում՝ 34, Աշոցքում՝ 26, Ամասիայում՝ 19, Ախուրյանում՝ 38։

Մարզում վարչատարածքային բաժանումների պատճառով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև այն գյուղերը, որոնք լքված են ու բնակիչներ չունեն հատկապես շատ են նմանատիպ բնակավայրերը Ամասիայում ու Ախուրյանում: Այդ բնակավայրերում տեղամասեր չեն ձևավորվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 30 ՏԸՀ նախագահ Արթուր Խաչատրյանը՝ Ամասիայում կան նմանատիպ բնակավայրեր, որոնք ունեն միայն անվանում, բայց չունեն բնակիչներ:

«Ամասիա խոշորացվող համայնքն ընդգրկելու է 26 բնակավայր, բայց ունենալու է 19 տեղամասային կենտրոններ։ 7 գյուղերում բնակիչներ չկան, բնականաբար, տեղամասային կենտրոններ այստեղ չեն բացվի»,- նշեց Արթուր Խաչատրյանը: