Իտալիայում ատամնաբույժին սպառնում է քրեական պատասխանատվություն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը սիլիկոնից կեղծ ձեռքի մեջ ներարկելու փորձի համար:

Հյուսիսային քաղաք Բյելայից բուժքույր Ֆիլիպա Բուան խնդիր է նկատել, երբ տղամարդը ներարկման համար ներկայացրել է կեղծ վերջույթը: «Երբ ես բացեցի ձեռքը, ես զգացի, որ մաշկը սառն է ու կպչուն, իսկ դրա գույնը չափազանց բաց երանգ ուներ»,-ասելէ Բուան Corriere della Sera իտալական թերթին:

Նրա խոսքով՝ նախ նա մտածել է, որ 57-ամյա տղամարդը հաշմանդամ է, եւ սխալմամբ տվել է սխալ ձեռքը: Նա բարձրացրել է նրա վերնաշապիկը եւ տեսել սիլիկոնե պրոթեզը: «Ես անմիջապես հասկացա, որ տղամարդը փորձել է խուսափել պատվաստումից՝ օգտագործելով սիլիկոնե պրոթեզ, որի մեջ, ինչպես նա հույս ուներ, կներարկվի դեղամիջոցը»: Բուժքույրն ասել է, որ տղամարդը խոստովանել է, որ նրան պետք էր ոչ թե պատվաստանյութը, այլ «սուպերանցագիրը», որը երկուշաբթվանից կպահանջվի ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ ու Իտալիայում այլ հաստատություններ այցելելու համար:

Բուժքույրը հայտնել է, որ տղամարդը եղել է քաղաքավարի եւ լքել է պատվաստման կենտրոնն անհաջող փորձից հետո: «Մենք մտածել ու հասկացել ենք, որ դա ոչ միայն զուտ սյուրռեալիստական իրավիճակ է, այլ խարդախության իրական փորձ»,-ասել է Բուան: Նա եւ մյուս աշխատակիցները փոխանցել են փաստաթղթերը ղեկավարությանը, որպեսզի նրանք կարողանան հայտնել տեղի ունեցածի մասին դատախազություն: