Երեկ Բաղրամյան պողոտայում և Երևանի այլ տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ ֆիքսել է մի քանի դեպք, երբ, իր պատկերացմամբ, խախտվել է օրենքի համաչափությունը:

«Համաչափության խախտման տեղերից մեկն այն էր, երբ Բաղրամյանի սկզբում' մոմավառության ժամանակ, մի քանի մոմեր են շպրտվել դեպի Ոստիկանության կողմը, իսկ Ոստիկանության կողմից շատ սուր, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Սա արդեն համաչափության հստակ անցում է»,- ասաց նա:

Հաջորդ խախտումը, ըստ նրա, ակտիվիսներին շատ կոպիտ ձևով բերման ենթարկելն էր և նաև Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, թե բերման է ենթարկվել միայն մեկ քաղաքացի, իսկ մյուսները հրավիրվել են Ոստիկանություն:

«Իրականում բոլորը բերման են ենթարկվել, և բավական կոպիտ է դա եղել»,- նշեց նա:

Իսկ թե որքանո՞վ էր համաչափ ընդհանրապես ակտիվիստներին բերման ենթարկելը, ըստ իրավապաշտպանի' առանձին դիտարկման հարց է:

Իսկ համաչափության երրոդ խախտումը, ըստ Ավետիք Իշխանյանի, հետևյալն է.

«Անկախ հավաքի բնույթից' դա իրազեկված է, արգելված, ինքնաբուխ է, թե շտապ հավաք է, եթե այն խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու»,- ասաց նա:

«Բայց կա մյուս կողմը. անկախ մեր վերաբերմունքից' այն ժամերին, երբ տեղի էր ունենում նախագահի երդմնակալության արարողությունը, չեմ կարծում, որ որևէ այլ երկիր համարձակվեր թույլ տալ այդ հավաքը: Բայց երեկոյան արգելումը, երբ ընթացել է խաղաղ երթ, և արգելվել է մուտքը դեպի Բաղրամյան պողոտա, այստեղ նորից խախտվել է համաչափությունը' Ոստիկանության կողմից»,- ավելացրեց նա:

Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ երթը եղել է խաղաղ, քանի որ այդ մասին իրեն վկայել են գրասենյակի դիտորդները, ովքեր նախագահական ընտրություններից հետո, այդ թվում' երեկ, իրականացրել են հավաքների և երթերի մոնիթորինգ:

Բացի այդ, Ավետիք Իշխանյանն ընդգծեց Ոստիկանության «չափից դուրս անհանգստությունը»:

«Չափից դուրս շատ ոստիկանական խմբեր են եղել Երևանի տարբեր մասերում, այդ թվում' քաղաքային երթուղիներից հանված ավտոբուսներով (ասենք, Զաքյան, Խորենացի փողոցներում 10-15 ավտոբուսներ կային' լեփ-լեցուն ոստիկաններով), նաև մենք ունենք լուսանկարներ, որ ՊՆ մեքենաներ էլ են եղել»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը: