Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուղղությամբ հակառակորդը մեծ ինտենսիվությամբ կրակոցներ է հնչեցրել, փորձել է առաջխաղացում ունենալ, սակայն հետ է շպրտվել մեր տղաների շնորհիվ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Տեղեկություն չունեմ այս պահին կոնկրետ կրակոցները շարունակվում են, թե՝ ոչ, բայց կարծում եմ՝ հաջողություններ չեն ունենա։ Կրակահերթը եղել է մեծ ինտենսիվությամբ։ Փորձել են առաջխաղացում ունենալ Սոթքի դիրքերի ուղղությամբ, բայց տղաներին հաջողվել է թույլ չտալ ադրբեջանցիներին առաջխաղացում ունենալ և հետ են շպրտվել։ Կրակոցները նույնիսկ հերթափոխին են խանգարում, չեն թողնում, որ մեքենան անցնի»,- նշեց Ավետյանը։

Հակոբ Ավետյանը հայտնեց, որ Կութի ուղղությամբ ևս կրակոցներ են հնչել, սակայն կարճ ժամանակ հանդարտվել է․ «Կութի հատվածում կրակոցներ են եղել, կարճ է տևել, հարձակումն ավելի ուժեղ է եղել Սոթքի հատվածում»,- ասաց համայնքապետը։ 

Ավելի վաղ՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։

Ավելի ուշ՝ ՊՆ հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։