Ռազմագերիների ճակատագրի և նրանց իրավունքների շուրջ քննարկման ժամանակ հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը Ադրբեջանում պահվում էր 40 ռազմագերի, սակայն իրավապաշտպանների փաստահավաքությունը վկայում է, որ դա իրական թիվը չէ, հավելյալ առնվազն 80 անձ գտնվել է գերեվարման մեջ․ «Բայց Ադրբեջանը հրաժարվում է պաշտոնականացնել նրանց գերեվարումը և նրանք այս պահին բռնի անհետացվածի կարգավիճակում են։ Բռնի անհետացածների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ փորձ է արվել ճշտել տարաբնույթ աղբյուրներով, սակայն մինչև այժմ տեղեկություն չկա՝ նրանք որևէ թաքստոցո՞ւմ են պահվում, թե՞ սպանված են և, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց դիերը»։

Իրավապաշտպանը վերահաստատեց նաև իր հայտարարությունը՝ Սյունիքում նոյեմբերի 16-ին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմից գերեվարվածների թվի մասին. նրանք, Սահակյանի խոսքով, 3 տասնյակից ավելին են։

«Մեզ համար նաև ցավալի էր՝ գերեվարմանը հաջորդած օրերի ընթացքում պաշտոնականացվեց մի թիվ, որը չէր համապատասխանում իրականությանը։ Խոսում էին 12 կամ 13 գերեվարվածի մասին այն պարագայում, երբ միայն տեսանյութերի ուսումնասիրությամբ կարելի էր հիմնավորել ավելի մեծ թիվ, և քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չէին, հայկական կողմը չէր կարող թիվ պաշտոնականացնել։ Նախկին միջադեպերով հայկական կողմն առհասարակ չէր հրապարակում թվեր, այդ թվերը հրապարակում էինք մենք, և ինձ համար առնվազն զարմանալի է, թե ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչը միգուցե դրական էր, բայց այդ փոփոխության պարագայում ինչո՞ւ են հրապարակում ակնհայտորեն ավելի փոքր թիվ, քան իրականում է», – ասաց Սիրանուշ Սահակյանը՝ կրկնելով, որ իրավապաշտպանների ուսումնասիրության արդյունքով մոտ 32-33 զինծառայող է գերեվարվել։