Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Պարզելու՝ ինչ կարելի է սպասել այդ հանդիպումից ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքագետ Արթուր Ղազարյանի հետ: Նա այն կարծիքին է, որ եռակողմ հանդիպումը որևէ դրական ազդեցություն չի կարող ունենա հայկական կողմի վրա. «Նոր թեզեր չեն կարող ի հայտ գալ, որոնք էականորեն կշեղվեն Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններից: Առավելագույնը կարող է ինչ-որ նոր հայտարարության տեքստ նախապատրաստվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որոնք, բովանդակային իմաստով, գրեթե, նույնությամբ կկրկնեն Սոչիի հայտարարության տեքստը»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ ինչ էլ, որ որոշվի այդ եռակողմ հանդիպման ժամանակ, չի շեղվի Վլադիմիր Պուտինի ներկայությամբ այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Սոչիում:

Մեր զրուցակիցը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կխոսի այն խնդիրներից, որոնք առաջ էր քաշել ՌԴ նախագահի ներկայությամբ՝ կանդրադառնա գերիների հարցին և թե ինչպես են պատկերացնում սահմանազատման և սահմանագծման գործընթացը. «Չեմ կարծում, որ այս հանդիպումը կարող է մեզ համար որևէ դրական փոփոխության հանգեցնի: Ադրբեջանը չի հասել իր առավելագույն ուզածին և այդ ամենին ոչ թե խոչընդոտում է մեր ցուցաբերած դիմադրությունը, որը կարծես թե չկա էլ, այլ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի Ադրբեջանի առաջ քաշած կարմիր գծերը, որի վրայով էլ Ադրբեջանը չի կարողանում անցնել»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը: 

Անդրադառնալով Թուրքիայի հետ երկխոսություն ունենալու նպատակով հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ քաղաքագետն ասաց, որ այդ ներկայացուցիչը հավանաբար կլինի հմուտ դիվանագետներից մեկը կամ արտակարգ և լիազոր դեսպանը, սակայն Թուրքիայի հետ դիվանագիտություն հաստատելը, Արթուր Ղազարյանը ճիշտ չի համարում. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, չեմ կարծում, որ որևէ հանդիպում ինչ-որ հայանպաստ լուծումների կհանգեցնի»,- նշեց նա: 

Վերջինս համոզված է՝ սահմանազատման և սահմանագծման փաստաթղթի ստորագրումը չի ապահովի խաղաղություն. «Դրա ստորագրումը կլինի խաղաղության խաբկանք: Բացի այդ՝ դա մեկ օրվա հարց չէ, դրա համար տարիներ են պետք: Եկեք չմոռանանք, որ այսօր մենք նույնիսկ հայ-վրացական դեմարկացիա չունենք, ճիշտ է, մենք հողային որևէ խնդիր չունենք, բայց այդ հարցը լուծված չէ արդեն 30 տարի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միշտ պրովոկացիա կլինի Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի կողմից:

Զվարթ Պետրոսյան