ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում վարույթ է ընդունվել Երևան քաղաքում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցված քրեական գործը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մինմալ պնևմոթորաքս, կրծքավանդակի պատի ենթամաշկային էմֆիլեմա, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած, չթափանցող, ձախ քունքային շրջանի փափուկ հյուսավածքների սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդ։

Հիշյալ երիտասարդը գործով ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 21 տարեկան բնակիչ է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: