ՔՊ-ականների համառ ջանքերով Երևանի քաղաքապետի ԺՊ ընտրված Հրաչյա Սարգսյանը թեև ՔՊ-ից չէ, սակայն, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրն ապացուցեց՝ ունի ՔՊ-ին ինտեգրվելու և նույնիսկ կարկառուն ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին շրջանցելու բոլոր շանսերը: Մինչ օրս հանրությունը փորձում էր վերծանել հենց Աղազարյանի «մտքի գոհարները», սակայն այսօր Հրաչյա Սարգսյանը ցույց տվեց, որ այս առումով Աղազարյանին արժանի մրցակից է հայտնվել ՔՊ-ում:

Մասնավորապես, Սարգսյանը հայտարարել է, որ ոչ ներկուսակցական խնդիրներին է տիրապետում, ոչ էլ ունի բավարար տեղեկատվություն դրանց մասին, բայց ՔՊ-ի ընդհանուր հրապարակային քաղաքական գծի մեջ է: Եթե Սարգսյանին հարցնենք՝ իսկ ո՞րն է ՔՊ-ի քաղաքական գիծը' թեկուզ և ընդհանուր, թերևս ինքն էլ դժվարանա պատասխանել այդ հարցին:

Ընդհանուր «էն հրապարակային բանի մեջ» գտնվող Հրաչյա Սարգսյանը ակնհայտորեն իր աստեղային ժամն է ապրում՝ թերևս ինքն էլ չհասկանալով, թե ինչպես մեկ օրվա ընթացքում նման սնանկ քաղաքական «բագաժով» դարձավ կարևոր և առանցքային քաղաքական ֆիգուր:

Հարց է առաջանում, օրինակ, եթե ամիսներ անց Սարգսյանը, ավելի մոտիկից ծանոթանալով ՔՊ-ին, իր համար շատ պատահական բացահայտի արժեքներ ու սկզբունքներ, որոնք առկա են կուսակցության ոչ հրապարակային գծի մեջ, ի՞նչ է անելու' հրաժարակա՞ն է ներկայացնելու, դո՞ւրս է գալու այդ գծից, թե՞ շարունակելու է աշխատել' ասես ոչինչ չի եղել: Դա Սարգսյանի մոտ, ի դեպ, անչափ լավ է ստացվում. 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա ևս պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն հետո մոռանալով իր այդ պահանջը՝ վերջինիս ձեռքից ընդունեց բարձր պաշտոնը: Ինչպես ասում են՝ կարևորը «էն հրապարակային բանի մեջ» լինելն է, իսկ սկզբունքնե՞ր ՝ չէ, չենք լսել...