ՔՊ-ական պաշտոնյաների կողմից իրենց օրենքից վեր դասելը դարձել է սովորական երևույթ: Վերջիններս արդեն մոռացել են, որ երեք տարի առաջ հեղափոխական ամբիոնից խոստանում էին երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, թե ինչ եղավ արդյունքում՝ անչափ հուզիչ էր...

Դիցուք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրեթե ամեն երկրորդ հրամանը և որոշումը  ՍԴ կողմից ճանաչվում  է հակաօրինական և Սահմանադրությանը հակասող: Երեկ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Ավանեսյանի այն որոշումը, համաձայն որի` աշխատողները պետք է իրենց հաշվին ՊՇՌ թեստեր հանձնեին՝ որոշակի պարբերականությամբ:

 
 

Աբովյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանը, որին Կոտայքի նախկին մարզպետ, իսկ այժմ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել էր, դատարանում հաղթել է Պետրոսյանին: Դատարանը համարել է, որ խախտվել են տնօրենի աշխատանքային իրավունքները, և նրան ապօրինի են ազատել աշխատանքից:

Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշմամբ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասին հակասող է ճանաչել Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 19-ին ընդունված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ, 9-19-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Օրենքի նախագծի հեղինակներից էին պատգամավոր Վահագն Հովակիմյանը և Աննա Կարապետյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։

Իր դեմ դատական հայցերի քանակով բոլոր քպ-ականներին գերազանցած Արարատի  նախկին մարզպետ Գարիկ  Սարգսյանը բողոքներից մեկով խայտառակ պարտություն էր կրել դատարանում: Ավելին, նույն բողոքի հիման վրա դատարնում պարտվել է կնոջը նաև նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:  Նիկոլ Փաշինյանի թիմակից բարձրաստիճան երկու պաշտոնյաներին անցած տարի դատի տված անձը Նորամարգի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էր, որին այն ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բառացիորեն թույլ չէր տվել հաղթել տնօրենի պաշտոնի համար հայտարարված  մրցույթում:

Ապրիլի 27-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ անվավեր ճանաչելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ եզրակացություն ընդունելու համար կազմակերպության ներկայացրած դիմումը մերժելու մասին հանձնաժողովի 14.01.2020 թվականի թիվ 01/2020թ. որոշումը։ Խախտման դեպքը վերաբերվում էր 2019 թվականի հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում՝ դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանի թույլ տված հետևյալ արտահայտությունը․ «․․․ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք․․․»։

 

Վերը նշված որևէ պաշտոնյա, ով իր որոշմամբ, հրամանով վնաս է հասցրել քաղաքացիներին՝ նրանց առանձին խմբերին, անհատներին, չի պատժվել իր հակաօրինական և Սահմանադրությանը  հակասող քայլի համար: Նրանք շարունակել և շարունակում են պաշտոնավարել, ասես` ոչինչ էլ չի եղել: Ահա այսպիսի օրենքի դիկտատուրա է հաստատվել Նոր Հայաստանում, որը ենթադրում է, որ ՔՊ-ական պաշտոնյաներն օրենքից վեր են: