Ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները վերսկսեցին քննարկել «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետները հայտնեցին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Մանուկյանը եւ Արծվիկ Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը քննարկվող զեկույցի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Իր ելույթը պատգամավորը կառուցեց՝ անդրադառնալով վերջին տարիներին տեղի ունեցած հետընտրական զարգացումներին եւ այդ ոլորտում առկա խնդիրներին, ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցին, ինչպես նաեւ արտագաղթի դրդապատճառներին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձավ մտքերի փոխանակության ընթացքում հնչած տեսակետներին, տվեց պարզաբանումներ:

Շարունակելով թեման՝ խորհրդարանը քննարկեց նաեւ «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:

Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012 թվականին գրասենյակն անդրադարձել է համակարգային 148 խնդրի, իրավական ծառայություն է մատուցել 7395 մարդու: 999 բողոքի ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: Նախորդ՝ 2011 թվականի համեմատ հաշվետու տարում Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունված գործերի թիվն աճել է 39 տոկոսով, 38 տոկոսով աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը:

Պաշտպանը եւ նրա գրասենյակի ներկայացուցիչները մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ այցելել են քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ եւ բացահայտել մի շարք մտահոգիչ խնդիրներ, մարդու իրավունքների խախտման դեպքեր:

Մարդու իրավունքների պաշտպանը թվարկեց այն խնդիրներն ու բացասական երեւույթները, որոնք նպաստում են մարդու իրավունքների խախտմանն ու ոտնահարմանը, նպաստում տարբեր համակարգերի նկատմամբ քաղաքացիների անվստահությանը:

Կարեն Անդրեասյանին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 14 պատգամավոր: Հարցերը վերաբերում էին խորհրդարանի եւ ՄԻՊ գրասենյակի առավել արդյունավետ համագործակցությանը, անհրաժեշտ գործառույթներն իրականացնելու օրենսդրական եւ ֆինանսական հնարավորություններին, հաշվետվության կառուցվածքին, մարզային կառույցների աշխատանքին եւ այլն:

Պատգամավորներն առաջարկեցին ըստ գերատեսչությունների մարդու իրավունքների խախտումները դիտարկելուն զուգահեռ հաշվետվության մեջ ներառել ամփոփաթերթ՝ խնդիրներն առավել համակարգված եւ տեսանելի ներկայացնելու համար: Նաեւ նշվեց օրենսդրական բացերի մասին վերլուծության անհրաժեշտությունը՝ հնարավոր փոփոխությունների համար, փաստաթղթում եզրահանգումների օգտակարությունը՝ խախտումնեի պատճառահետեւանքային կապը տեսնելու համար: Կարեն Անդրեասյանը պատրաստակամություն հայտնեց 2013 թ. հաշվետվությունը կազմելիս այս նկատառումները հաշվի առնել, կամ որոշ դեպքերում ներկայացնել առավել մանրամասնված տեղեկատվություն, ինչի բացը նկատեցին որոշ պատգամավորներ: Բանախոսը նշեց, որ տարեցտարի բարելավվում է հաշվետվության որակը՝ պայմանավորված թե փորձառության մեծացմամբ, եւ թե նոր դիտարկումների ու առաջարկությունների առկայությամբ: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներն ավանդաբար հանրային լսումներին ու քննարկումներին հրավիրում են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ փոխադարձ արդյունավետ գործակցության հասնելու նպատակով: Կարեն Անդրեասյանի գնահատմամբ՝ օգտակար կլիներ խորհրդարանում քննարկել նաեւ միջանկյալ զեկույցներ:

Պատգամավորները հարցերում անդրադարձան նաեւ այնպիսի ոլորտների, որոնք դեռեւս չեն հայտնվել ՄԻՊ գրասենյակի ուշադրության առանցքում. Կարեն Անդրեասյանը խոստացավ տեսադաշտից դուրս մնացած խնդիրներին անդրադառնալ այս տարի՝ ակնկալելով պատգամավորների աջակցությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի ապրիլի 11-ի նիստում: Իսկ չորեքշաբթի օրվա վերջին նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին, ովքեր մինչ նոր կառավարության ձեւավորումը հանդիսանում են պաշտոնակատարներ: